Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 40-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ մարտի 19-ին, Հայաստանում մեկնարկել են ֆրանկոֆոնիայի օրերը։
Միջոցառումների մեկնարկը տվել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսոֆը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ֆրանկֆոնիայի գծով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։
Վերջինիս խոսքով, այս միջոցառումները նշանակալի են հատկապես այն պատճառով, որ Հայաստանը, 56 այլ երկրների շարքում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է։ Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի տեղեկացմամբ, Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի արտգործնախարարությանը. «Յուրաքանչյուր տարվա նման՝ այս տարի էլ ՀՀ արտգործնախարարության եւ Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպված միջոցառումները կտեւեն շուրջ մեկ ամիս»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ծրագիրը խիստ բազմազան է եւ իր մեջ ներառում է ֆրանկոֆոն երկրների ռեժիսորների ֆիլմերի եւ թատերական ներկայացումների ցուցադրություններ, բազմաժանր համերգների կազմակերպում եւ հեքիաթների ընթերցումներ երեխաների համար։ «Երեկ, արդեն իսկ ներկայացվել է Ժան Իոնեսկուի „Աթոռ“ ներկայացումը, օրերս կնեկայացվի եւս մեկը։ Կլինեն նաեւ ջազային նախագծեր, ինչպես նաեւ կազմակերպության հոբելյանին նվիրված գալա համերգ»։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը տեղեկացրեց նաեւ, որ հոբելյանական միջոցառումների շրջանակներում հայաստանյան հանրակրթական դպրոցներում կազմակերպվել է «Գնանք Ֆրանսիա» մրցույթը, որը լավագույն շարադրություններ ներկայացնող 200 հայ դպրոցականների հնարավորություն կտա մեկնել Ֆրանսիա. «Դպրոցների եւ համալսարանների ներգրավվածությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ծրագրերին տարեցտարի ավելի զգալի է դառնում»,- նշեց դեսպան Տեր-Ստեփանյանը։
Ասուլիսին ներկա ֆրանկոֆոն մյուս երկրների՝ Բելգիայի եւ Կանադայի ներկայացուցիչները գոհունակություն հայտնեցին, որ «աշխարհի այս մասում ֆրանսերենի հանդեպ այսքան մեծ աշխուժություն կա» եւ տեղեկացրեցին, որ իրենք նպատակ ունեն համալսարանական ծրագրերի եւ մի շարք այլ ուղղություններով հետագայում խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները։ Քրիստիան Տեր-Ստեփանյանն իր հերթին ավելացրեց, որ հոկտեմբերին Ֆրանսիայի 25 քաղաքների ներկայացուցիչներ կժամանեն Հայաստան։ Այցի նպատակը կլինի ֆրանսերեն լեզվի խորացման համար տարվող ծրագրերի մշակումը։


























