Քալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակչուհի Սանա Հուսեյնը իրեն մեղավոր չի ճանաչում 83-ամյա հայի չկանխամտածված սպանության գործում, երբ նա վրաերթի էր ենթարկել հային, երբ վերջինս խաչմերուկում փողոցն անցնելիս է եղել: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:

Թեեւ 40-ամյա Սանա Հուսեյնը ներկա չի եղել Գլենդելում Լոս-Անջելեսի առաջին ատյանի շրջանային դատարանում, փաստաբան Ֆրեդ Մինասյանը նրա անունից հայց է ներկայացրել: Դատավոր Ֆրեդերիկ Տոտենբերգը նախնական լսումներ նշանակել է հոկտեմբերի 8-ին, այն բանից հետո, երբ Մինասյանը խնդրել է հավելյալ ժամանակ ապացույցների ուսումնասիրման համար:

«Նա զղջում է կատարվածի համար եւ խիղճը սարսափելի տանջում է, սակայն նա ամեն բան ճիշտ է արել»,- հայտնել է փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը մնացել է դեպքի վայրում, ցուցմունք տվել համապատասխան մարմիններին ու հոգ տարել, որպեսզի տուժողին բժշկական օգնություն ցուցաբերեն: Հուլիսին դատախազությունը Գուրգեն Անուշյանի մահվան առթիվ Հուսեյնին ՃՏՊ արդյունքում մարդ սպանելու մեղադրանք է ներկայացրել:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերի 10-ին: Անուշյանը փողոցն անցնում էր առանց գծանշանների անցումով եւ նկատել էր, որ իրեն է մոտենում մինիֆուրգոն: Նա թափահարել է ձեռքերը, որպեսզի նախազգուշացնի վարորդին: Սակայն երբ վարորդը՝ Գլենդելի բնակիչ 40-ամյա Սանա Հուսեյնը արգելակել է, արդեն բավական ուշ է եղել: Ավտոմեքենան, որով կինը Փասադենայից տեղափոխում էր իր երեք երեխաներին, հարվածել է Անուշյանին: Կինը կանգնել էր եւ սպասել ոստիկանությանը:

Հիշեցնենք, որ մայիսին Գուրգեն Անուշյան ընտանիքի անդամները բողոք են ներկայացրել այն մասին, որ քաղաքային իշխանությունները պետք նշաններ ու լուսացույցեր տեղադրեին, որոնք վարորդներին կզգուշացնեն հետիոտների նկատմամբ ուշադիր լինել, որոնք խաչմերուկի վրա օգտվում են առանց գծանշանների անցումներից: «Քաղաքը պատասխանատվություն է կրում պարոն Անուշյանի մահվան համար, այն է՝ ճանապարհների  անփույթ նախագծում, կառուցում եւ սպասարկում»,- հայտարարել է ընտանիքի փաստաբան Ռոջեր Բուտը: Սակայն Գլենդելի իշխանությունները հերքել են իրենց հասցեագրված մեղադրանքները: