Ատալանտայի Էմորի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել, որպեսզի պարզեն՝ ինչո՞ւ են մի խումբ հայրեր իրենց երեխաների հանդեպ ուշադիր ու հոգատար, իսկ մյուսները բավական անտարբեր են մոտենում հոր իրենց պարտականությանը: Նրանց փորձին մասնակցել են փոքր երեխաներ ունեցող 70 կամավորներ:

Սկզբում գիտնականները իմացել են հենց տղամարդկանցից (կամ նրանց կողակիցներից), թե որքանով են նրանք կատարում իրենց հայրական պարտականությունները՝ փոխում են երեխայի տակդիրը, լողացնում են նրանց կամ կերակրում: Բացի այդ տղամարդկանց շրջանում անցկացրել են համակարգային հետազոտություն, որի արդյունքում չափել են նրանց ամորձիների ծավալը:

Հետո կամավորներին ցույց են տվել իրենց երեխաների լուսանկարները եւ զուգահեռ անցկացրել են ուղեղի սքանավորում: Պարզվել է, որ երեխայի նկարը տեսնելու պահին տղամարդկանց մոտ, որոնք հարցման ընթացքում ճանաչվել են իդեալական հայրեր, ուղեղի ակտիվության բարձրացում է նկատվում, որը պատասխանատու է ծնողական մոտիվացիայի համար: Իսկ այն հայրերի մոտ, որոնք քիչ են հոգ տանում իրենց երեխաներին, ուղեղը քիչ  է ակտիվ:

Գիտնականների խոսքով, առավել ակտիվ էր ուղեղի այս հատվածն այն տղամարդկանց մոտ, ովքեր ունեին համեմատաբար փոքր ամորձիներ ու տեստոստերոնի ցածր մակարդակ, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Ինչպես ենթադրում են հետազոտողները փոքր ամորձիներով տղամարդիկ, ի սկզբանե հակված են լավ հայր դառնալ: Մյուս կողմից, հնարավոր է նաեւ, որ երեխաների ծնվելուց հետո ամորձիները փոքրանան: