«Նորվեգացի հրաձիգ», ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը սպանել է 77 մարդու, ընդունվել է Օսլոյի համալսարան: BBC-ի տվյալներով՝ նա քաղաքագիտություն կուսումնասիրի:
Բրեյվիկը բուհ է ընդունվել երկրորդ փորձից: Ավելի վաղ նրան մերժել էին, քանի որ նա լավ չէր պատրաստվել: Բանն այն է, որ Բրեյվիկը պաշտոնապես չի ավարտել միջնակարգ դպրոցը՝ իր կրթությունը շարունակելով համացանցի միջոցով: Ահաբեկիչն այդպես էլ չի հանձնել դպրոցի ավարտական քննությունները, որի արդյունքներն անհրաժեշտ են Նորվեգիայի բուհեր ընդունվելու համար:
Բրեյվիկին համալսարան չեն ընդունում. նա դպրոցը չի ավարտել
Սակայն ամռան ընթացքում Բրեյվիկը կարողացել է հանձնել պակասող քննությունները, եւ հիմա նա հեռակա կարգով կուսանի Օսլոյի համալսարանում: ԲՈՒՀ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ Բրեյվիկին ուսանելու հնարավորություն տալով, իրենք ղեկավարվել են համամարդկային սկզբունքներով, որոնք կիրառելի են ցանկացած մարդու նկատմամբ, հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ ուլտրաաջ ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը 2011թ հուլիսի 22-ին պայթյուն է կազմակերպել նորվեգական մայրաքաղաքի կառավարական թաղամասում, ինչի արդյունքում զոհվել է 8 մարդ: Բացի այդ, նա հրաձգություն է իրականացրել Ուտոյյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում: Ընդհանուր առմամբ, նրա գործողություններից զոհվել է 77 մարդ: Այդ գործողությունների համար նա դատապարտվել է 21 տարի ազատազրկման:





























