ԱԻ նախարար Արմեն Երիցյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներին` պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ։
Նախարար Երիցյանը, ողջունելով հյուրերին, համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը եւ գործունեության հիմնական ուղղությունները։
«Աղետների ռիսկի նվազեցման աշխատանքներն ակտիվացրել ենք 2010 թվականից, երբ մենք առաջինը տարածաշրջանում ստեղծեցինք աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ։ Այսօր մենք համագործակցում ենք բոլոր նախարարությունների եւ գերատեսչությունների հետ»,- նշել է ԱԻ նախարարը։
Տրայան Հրիսթեան, շնորհակալություն հայտնելով հանդիպումը կազմակերպելու համար, նշել է, որ աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի միջոցով լավ սկիզբ է դրվել համագործակցության համար, ԱՌՆ խնդիրները ներառված են նաեւ Եվրամիության հարեւանության ծրագրում։
«Բոլորս հիշում ենք Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված իրավիճակը։ Դա մեզ սովորեցրեց, որ մենք չենք կարող կանխատեսել նման բնական աղետները, սակայն կարող ենք բարձրացնել իրազեկման եւ պատրաստվածության մակարդակը»,- ավելացրել է պարոն Հրիսթեան։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, մասնավորապես` սեյսմիկ պաշտպանության, հիդրոմետ ծառայության, փրկարար ծառայության, պետական ռեզերվների եւ աղետների բժշկության ոլորտներում։
Նախարար Երիցյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում, եղան Ճգնաժամային կառավարման կենտրոնում եւ 911 ծառայությունում։




























