Նոյեմբերի 26-29-ին Հայաստան է այցելելու Տեղական ինքնակառավարման մարմինների խարտիայի իրականացմանը վերաբերող կոնգրեսի մոնիտորինգային խումբը: Այս մասին, ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում ելույթից հետո պատվիրակների հարցերին պատասխանելիս հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, հաղորդում է Aravot.am-ը:

Հոկտեմբերի 30-ին ԵԽ կոնգրեսը քննարկելու է Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը եւ Արմեն Գեւորգյանն արդեն իսկ ելույթում հայտարարել է. «Կարեւորում ենք տրված գնահատականները եւ արված առաջարկությունները, որոնք անշուշտ հաշվի կառնենք մեր հետագա աշխատանքներում»:

Արմեն Գեւորգյանը երեկ հանդիպել է Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նիգել Մերմագենի եւ Լյուդմիլա Սֆիրլոգայի հետ: Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին վերջին զեկույցը Կոնգրեսի կողմից ընդունվել է 2003թ-ին: Եվ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում զեկուցողներն արդեն իսկ նշել են, թե տեղյակ են, որ 2003թ. ընդունված զեկույցից հետո Հայաստանում իրականացվել են տեղական ժողովրդավարության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ:

Ռուս պատվիրակ Վլադիմիր Վառնավսկին իր հարցում վկայակոչել է Եվրախորհրդարանի սեպտեմբերի 12-ին ընդունած 2013/2826 բանաձեւը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի նկատմամբ իրականացված ճնշումների մեջ, որպեսզի նրանք չստորագրեն Ասոցացման համաձայնագրեր ԵՄ-ի հետ: Հիշատակելով ՀՀ նախագահի հայտարարած որոշումը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ռուս պատվիրակը խնդրել է անդրադառնալ ԵԽ բանաձեւում առկա այդ մեղադրանքներին:

Արմեն Գեւորգյանն ի պատասխան վերընթերցել է այն հայտարարությունը, որ համանման հարցին ի պատասխան՝ Ստրասբուրգի նույն ամբիոնից արել էր Սերժ Սարգսյանը, հավելելով, թե դրանից ավելի լիարժեք դիրքորոշում չի կարող լինել, ու ՄՄ-ին միանալու առնչությամբ ճնշումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Եվ վերջին հարցը Շվեդիայից պատվիրակ Յումի Ռենստրոմինն էր, որն ասաց. «Խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Մարդու իրավունքները համընդգրկուն են եւ պետք է վերաբերեն բոլոր անհատներին՝ առանց սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի կամ կրոնի հենքով որեւէ խտրականության: Սակայն մենք տեսնում ենք, որ ավելանում են այն քաղաքային իշխանությունները, որոնք արգելում են արվամոլների շքերթները՝ խախտելով LGBT անձանց իրավունքները հավաքների եւ արտահայտման ազատության առումով»: Պատվիրակը հետաքրքրվել է, թե Նախարարների կոմիտեն ինչպե՞ս է արձագանքելու հիմնարար իրավունքների այսպիսի խախտումներին, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ երաշխավորելու LGBT անձանց իրավունքների պաշտպանությունը:

ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից ելույթով հանդես եկող Արմեն Գեւորգյանն ընդհանուր արտահայտություններ է արել այս հարցին ի պատասխան, թե այո, իսկապես խաղաղ ցույցերի անցկացումը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Նաեւ, որ Նախարարների կոմիտեն իր ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը՝ մասնավորապես ՄԻԵԴ-ի որոշումների կատարման առումով:

Առավել մանրամասն Aravot.am կայքում։