Ոստիկանական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ ոստիկանության բարեվարքության եւ հաշվետվողականության ամրապնդումը այսօր Երեւանում կազմակերպված քննարկման թեմաներն են:
Քննարկումը կազմակերպել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ՀՀ ոստիկանությունը՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման /ԶՈՒԺՎ/ Ժնեւյանի կենտրոնի հետ համագործակցությամբ: Հանդիպման հիմնական նպատակն է ոստիկանության բարեվարքության ոլորտում միջազգային փորձի փոխանակումը Հայաստանի գործընկերների հետ:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց «Ոստիկանության անձնակազմի բարեվարքությունը» ձեռնարկի հայերեն տարբերակը, որը մշակվել էր ԶՈՒԺՎ-ի կողմից եւ տպագրվել՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Ձեռնարկի հիմնական թեմաներն են ոստիկանական կոռուպցիայի կազմակերպական ազդեցությունը եւ ոստիկանական ծառայության արժեքներն ու էթիկան:
«Կոռուպցիան բարդ երեւույթ է եւ շատ կարեւոր է դրա դեմ պայքարել տարբեր մակարդակներում եւ բոլոր հաստատություններում, այդ թվում՝ ոստիկանությունում», նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: «Հուսով ենք, որ թե՛ ոստիկանությունում ռազմավարություն մշակողների, թե՛ գործնական աշխատանք իրականացնողների համար այսօր ներկայացված ձեռնարկը կդառնա օգտակար գործիք կոռուպցիային հակազդելու եւ հակակոռուպցիոն գործելակերպը եւ արժեքները կազմակերպության մշակույթի մեջ ներդնելու գործում:»
ԶՈՒԺՎ-ի փոխտնօրենի Ֆիլիպ Ֆլուրին հավելեց. «Թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը այն հիմնասյուներն են, որոնց վրա պետք է հենվեն արդարադատության եւ ոստիկանության ոլորտի ղեկավարությունը: Որոշում ընդունելու մեխանիզմներում ու ոստիկանության ընթացակարգերում պետք է արտացոլվեն այս սկզբունքները:»
Միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանի մասնակիցները ԶՈՒԺՎ-ի փորձագետների հետ քննարկեցին բարեվարքության եւ հաշվետվողականության հասկացությունները ոստիկանության գործունեության մեջ, ինչպես նաեւ տեղեկացան Հարավարեւելյան Եվրոպայում ոստիկանության բարեփոխումների գործընթացի մասին:





























