Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի բյուրոյի առաքելության ծրագրի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ԵՄ ներկայացուցիչների՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ պարոն Միլան Ցարբնոխի, հանձնաժողովի քարտուղար պարոն Ֆիլիպ Կամարիսի, քաղաքական խմբի խորհրդական պարոն Վոյչեկ Յան Դանեցկիի հետ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցությանը ներկա էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը եւ քարտուղար Թեւան Պողոսյանը: Զարուհի Փոստանջյանը կարեւորել է ԵՄ-ի հետ հարաբերությունները հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի դե-ֆակտո նախագահի՝ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվեց, որ ցանկություն կա միանալու Մաքսային միությանը: «Մենք գիտակցում ենք, որ Մաքսային միությանը անդամակցելը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ հակասում մեր Սահմանադրությանը: «Ժառանգությունը» դեմ է արտահայտվել Հայաստանի համար իշխանությունների կողմից նախաձեռնված նման հեռանկարին: Դա նշված է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ սեպտեմբերի 4-ին արված հայտարարության մեջ, կուսակցության սեպտեմբերի 23-ի եւ հոկտեմբերի 15-ի հայտարարություններում, այդ մասին հնչել է նաեւ սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված հանրահավաքի ժամանակ: Գտնում ենք, որ այս որոշման համար պատասխանատվություն են կրում նաեւ որոշ եվրոպական կառույցներ, որոնք աչք փակեցին Հայաստանում փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները իշխանությունների կողմից կեղծելու եւ իշխանության բռնազավթման փաստի վրա: Իհարկե, մենք կարծում ենք, որ պայքարը դեռ առջեւում է եւ մեր երկրի հազարամյակների պատմության մեջ վերջին 20 տարվա ընթացքում վերականգնած երկու պետությունների ինքնիշխանությունը մենք թույլ չենք տալու որեւէ ապօրինի իշխանությանը հանձնել որեւէ այլ պետությանը կամ վերպետական միավորմանը»:
Թեւան Պողոսյանը նշել է, որ իր կարծիքով Մաքսային Միության ծրագիրը չի կայանալու եւ կոչ արեց, որ ԵՄ երկրները եւ եվրոպական բոլոր հնարավոր կառույցներն օգնեն Հայաստանին, բաց լինեն Հայաստանի՝ ոչ թե իշխանությունների, այլ հատկապես հայ ժողովրդի համար:
Անդրադարձ է կատարվել նաեւ վերջերս իշխանությունների կողմից «Ժառանգության» հանդեպ սկսված քաղաքական հետապնդումներին, մասնավորապես՝ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը հեռացվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Բացի այդ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հաշվեհարդարների կոչեր են հնչել՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղված իր հարցից հետո, որի վերաբերյալ ոստիկանությունը, թեեւ որոշ միջոցներ է ձեռնարկել, սակայն այդ անձինք դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել:
Կողմերը ողջունելի են համարել համագործակցության փոխադարձ պատրաստակամությունը: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ տեղյակ են՝ Հայաստանում իշխանությունների լեգիտիմության խնդրին, ինչպես նաեւ պատրաստակամություն են հայտնել հետեւողական լինել «Ժառանգություն» խմբակցության նկատմամբ խտրական մոտեցման հարցում:





























