Հայաստանի եւ Ճապոնիայի մշակութային համագործակցությունը վերջին տարիներին զգալի ակտիվացել է: Այս մասին նոյեմբերի 1-ին ճապոնական ֆիլմերի երրորդ փառատոնի անցկացմանը նվիրված  մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Հիշեցնենք, փառատոնը «Խիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ է անցկացվում՝ մշակույթի նախարարության եւ այլ գործընկերների աջակցությամբ:

Սվետլանա Սահակյանի խոսքով՝ մշակութային համագործակցությունը, որը նոր ազդակ ստացավ Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան բացման շնորհիվ, դրամաշնորհներով չի սահմանափակվում: Այն ներառում է համատեղ նախագծեր: Մյուս կողմից ակտիվացել են Ճապոնիայում հայկական մշակույթի տարածման ուղղված քայլերը: Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան ջանքերի շնորհիվ երկրում Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգներ են կայացել:

 «Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունն այնքան էլ վաղուց չի բացվել, սակայն խորին համոզմամբ կարող եմ արձանագրել, որ դրա ջանքերի շնորհիվ հայ-ճապոնական մշակութային կապերը սկսել են ավելի ակտիվ զարգանալ: Առայժմ կոնկրետ մշակութային ծրագրերի մասին չեմ խոսի, սակայն կարող եմ ասել, որ մի  շարք նախագծեր են դիտարկվում: Դրանք կարող են կյանքի կոչվել ցուցահանդեսների, երաժշտախմբերի փոխանակման միջոցով, եւ, հնարավոր է նաեւ, որ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ծրագրեր իրագործվեն», - նշել է Սվետլանա Սահակյանը:

Ըստ նրա՝ դիտարկվում է Արեւելյան Ասիայում, այդ թվում՝ Ճապոնիայում, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգային շրջագայության հնարավորությունը: