Չինաստանում գողը անհավանական կարեկցանք է ցուցաբերել այն մարդու հանդեպ, ում iPhone-ն ինքը գողացել էր: Նա գողացել էր այն Ցու Բին անվամբ տղամարդուց տաքսիով երթեւեկելու ժամանակ: Շուտով տուժողը 11 էջ է ստացել, որոնց վրա ձեռագիր գրված էին իր գողացված հեռախոսում գրանցված բոլոր հեռախոսահամարները:

Ինչպես հաղորդում է Bangkok Post-ը, Ցու Բինի iPhone-ի հիշողության մեջ գրանցված էր մոտ 1000 հեռախոսահամար: Տղամարդը հիշողության պարունակության կրկնօրինակը չուներ (այս ծրագիրը հասանելի է աշխարհում iPhone-ի բոլոր օգտատերերի համար): Ուստի նա ավելի շատ անհանգիստ էր հիշողության կորստի, քան հենց հեռախոսը գողանալու պատճառով:

«Ես գիտեմ, դուք այն մարդն եք, ով տաքսիում իմ կողքն էր նստած: Հավատացնում եմ, որ կգտնեմ ձեզ,- նման հաղորդագրություն տուժողն ուղարկել է իր հեռախոսին՝ հույս ունենալով, որ գողն այն կկարդա:- Ուշադիր նայեք իմ հեռախոսում գրանցված անունների ցուցակն ու այն հետ ուղարկեք այս հասցեով»,- հաղորդում է Vesti.ru-ն:

Տուժողի սպառնալից տոնը պատահական չէ, քանի որ Ցու Բինն  աշխատում է ռեստորանային բիզնեսում, իսկ Չինաստանում գործունեության այս տեսակը հաճախ իրականացվում է հանցավոր խմբերի հովանու ներքո: Իր հերթին գողը չի վախեցել սպառնալիքներից: Մի քանի օր անց նա նշված հասցեով հեռախոսի փոխարեն ուղարկել է SIM-քարտն ու հեռախոսահամարներով 11 էջանոց փաթեթ: