Եգիպտոսի Սահմանադրության մշակմամբ զբաղվող հանձնաժողովը հաստատել է նոր Սահմանադրության նախագիծը: Քննարկված 247 հոդվածներից չի ընդունվել միայն հինգը:
Նոր նախագծի որոշ հոդվածներ դժգոհություն էին հարուցել եգիպտական հասարակության շրջանում: Ըստ դրանցից մեկի` զինծառայողների կամ ռազմակայանների վրա հարձակման դեպքում քաղաքացին կարող է զինվորական դատարանի առաջ կանգնել: Բնակիչները մտավախություն ունեն, որ այդ հոդվածը կարող են կիրառել ցույցերի մասնակիցների դեմ, հայտնում է «lenta.ru»-ն` վկայակոչելով Reuters-ը:
Նոր Սահմանադրության նախագծում առաջարկվում է նաեւ երկրի պաշտպանության նախարարին նշանակել զինվորականների հետ համաձայնեցնելուց հետո (առաջիկա երկու նախագահական ժամկետների ընթացքում), ընդ որում` նախագծում նշված չէ պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու մեխանիզմը:
Նոր Սահմանադրությունն ընդունելու հարցը կվճռվի հանրաքվեով, որը տեղի կունենա 2013թ. վերջին կամ 2014թ. սկզբին:
Եգիպտոսի Սահմանադրության մշակման հանձնաժողովի կազմում, որտեղ կա 50 մարդ, ընդգրկված են հասարակական գործիչներ, քաղաքական կուսակցությունների անդամներ, զինվորականներ, ղպտիական եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաեւ երկու իսլամիստներ, որոնք չեն պատկանում «Մահմեդական եղբայրներ» շարժմանը: Հատկանշական է, որ պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի օրոք ընդունված նախորդ սահմանադրության նախագիծը հաստատվել էր 100 մարդուց բաղկացած հանձնաժողովի կողմից, որոնց մեծամասնությունն իսլամիստներ էին:





























