27-ամյա Դավիթ Պապյանից, ով մեղադրվում է նախկին զոքանչին հրելու եւ կնոջը ծեծելու մեջ, զոքանչը 300 հազար դրամ գումար է պահանջել հաշտվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Պապյանը եւ ավելացրեց, որ այսօր` դեկտեմբերի 2-ին կայացել է գործով վերջին դատը:
«Պարզվեց՝ այդ մարդիկ ինձանից փող պոկելու մտադրություն ունեին: Դատավորը առաջարկեց, որ կամ հաշտվենք կամ էլ երկու կողմերի հանդեպ համաներում կիրառեն: Խորհրդակցական սենյակում արդեն նախկին զոքանչս ասաց , թե հենց հիմա 300 հազար դրամ դրեք սեղանին ես գրեմ, որ ֆռռացել, ընկել եմ, ոչ թե ինձ բրդել, գցել են: Իմ փաստաբանն էլ ջղայնացավ, ասաց՝ ոչ համաներմանն եմ համաձայն, ոչ հաշտությանը մինչեւ վերջ դատը շարունակելու ենք: Հետո, թե 60 հազար դրամ տվեք: Ասացինք՝ ոչ մի կոպեկ եւ ստիպված հաշտության պայմանագիրը կնքեցինք, քանի որ կեղծ ցուցմունքներ էին տվել եւ զրպարտությամբ հանդես եկել»,- պատմեց Դավիթ Պապյանը եւ ավելացրեց, որ դեկտեմբերի 12-ին էլ տեղի է ունենալու երեխայի խնամակալության գործով դատավարությունը:
Ավելի վաղ 27-ամյա Դավիթ Պապյանը պատմել էր, որ ընտանիքում անհաշտությունը սկսել է այն բանից հետո, երբ կնոջը Մոնումենտ չի տարել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանում 27-ամյա Դավիթ Պապյանը վնասել է նախկին զոքանչին եւ ծեծել կնոջը: Սակայն նախկին կինն էլ ծեծի է ենթարկել Դավիթ Պապյանին: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացել էր, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: Դավիթ Պապյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 27-ին ժամը 12:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Գառնիի փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում իր երեխային տեսնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում անզգուշությամբ հրել է Ի.Նշանյանին, ինչի հետեւանքով վերջինս ընկել է գետնին: Բացի այդ, ծեծի է ենթարկել նախկին կնոջը՝ Մ.Պապյանին` նրա պատճառելով՝ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Քրեական գործ էր հարուցվել 121 հոդվածի 1-ին մասով` անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 118 հոդվածով` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը:





























