Twitter Inc ընկերությունը, որին է պատկանում միկրոբլոգերի համանուն ցանցը, սինգապուրական փոքր ընկերության հետ համատեղ աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի կարճ հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունը հասանելի լինի զարգացող երկրների օգտատերերին, ովքեր հասարակ հեռախոսներ ունեն՝ առանց ինտերնետ կապի, հաղորդում է Reuters-ը:
Սինգապուրական U2opia Mobile ընկերության գործադիր տնօրեն ու համահիմնադիր Սումեշ Մենոնի խոսքով՝ ընկերությունը Twitter մուտք գործելու իր նոր ծառայությունը կթողարկի հաջորդ տարվա առաջին եռամսյակում:
Նրա խոսքից հայտնի դրաձավ, որ օգտատերերը հասարակ գաղտնաբառ կներմուծեն, որպեսզի տեսնեն Twitter-ի առավել տարածված թեմաներն ու նորությունները: U2opia-ը, որը գործում է 30 երկրում ու թարգմանված է 7 միջազգային լեզուներով, տեղայնացնում է Twitter-ի նորությունները՝ համաձայն օգտատիրոջ գտնվելու վայրի, հաղորդում է Bigmir.net-ը:
U2opia Fonetwish ծառայությունից օգտվում է ավելի քան 11 մլն մարդ, ովքեր հեռախոսներից մուտք ունեն Facebook եւ Google Talk՝ առանց տվյալների փոխանցման ռեժիմի: U2opia-ն օգտագործում է USSD դրույթը, համաձայն որի հնարավոր չէ տեսնել նկարներ, տեսագրություններ ու գրաֆիկական այլ պատկերներ:





























