Ադրբեջանի պաշտոնյաները աչքի են ընկել «մարդասեր» վերաբերմունքով` կույր աղջկա մորը մերժել են նպաստ տալ, քանի որ «նա պետությանն օգուտ չի տալիս»:

Vesti.Az-ը հայտնում է, որ Աղդաշի շրջանի բնակչուհի Էլնարա Ղուրբանովային պետությունը չի ցանկանում օգնել: Ավելի ճիշտ չեն ցանկանում օգնել Աղդաշի շրջանի պաշտոնյաները, որոնք պնդում են, թե նա չի պատկանում այն անձանց խմբին, որոնց համար պետությունը  սոցիալական օգնություն է նախատեսում: Այժմ Էլնարա Ղուրբանովան երեք տարեկան կույր  աղջկա հետ տեղավորվել է Երեխաների վերաինտեգրման կենտրոնում, քանի որ գնալու այլ տեղ չունի: Կինը չի աշխատում, խնամում է եռամյա Շաֆիգային:  Երեխան գրեթե կույր է, հատուկ խնամքի կարիք ունի: Ընտանիքն ապրելու տեղ չունի, ավագ՝ յոթնամյա դուստրը այդ պատճառով մանկատուն է հանձնվել: Ամուսինն ընտանիքը պահում է պատահական աշխատանքներով: Պետության հատկացրած գումարը չի բավականացնում աղջկա բուժմանը: Էլնարան նույնպես բուժման կարիք ունի:  

Առողջական խնդիրներից բացի կա նաեւ կացարանի խնդիր: Աղդաշի շրջանի գործադիր իշխանությունը տեղի բնակչին Ղուրբանովների բնակարանի անմիջապես դիմաց խանութ կառուցելու թույլտվություն է տվել: «Մենք տանը չէինք, քանի որ ամուսնուս հետ աշխատում էինք գյուղում: Իսկ երբ վերադարձանք, տեսանք, որ խանութն արդեն կառուցվել է: Այժմ տան մուտքը փակ է, քանի որ մուտքի դուռը կառուցվող շենքի պատին է դիպչում:  Դա նշանակում է, որ իմ ընտանիքն այլեւս տուն չի կարող մտնել», - պատմել է կինը: