Հայաստանի վարչապետն ու նախարարներն իրենց միջոցներով պետք է վճարեն ռուսական գազի համար: Այդ մասին հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ Ազգային Ժողովի նիստում ներկայացնելով պետբյուջեի նախագիծի վերաբերյալ դիրքորոշումը: Նա նշել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Նա հիշեցրել է ՀԱԿ-ի գնահատականը. «պետական բյուջեից տարեկան թալանվում, մսխվում եւ վատնվում է 2.5 մլրդ դոլարի չափով գումար. 1.7-1.8 մլն-ը՝ եկամտային մասով, եւ 750 մլն դոլար՝ ծախսային մասով»: Այդ կարծիքը կիսում են նաեւ միջազգային կազմակերպությունները:
«Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը վերջին երկու տարում կուտակել է մոտ 300 մլն դոլարի պարտք՝ կապված ռուսական գազի մատակարարման հետ` առանց դրա մասին տեղյակ պահելու հանրությանը եւ անգամ ԱԺ-ին: Ընդ որում, 2011թ. կուտակվել է մոտ 47 մլն դոլար, 2012թ.՝ 118 մլն դոլար, 2013թ. կուտակված պարտքը հասել է արդեն 130 մլն դոլար»,- նշել է Զուրաբյանը:
Ըստ Զուրաբյանի, կուտակվել է արտաքին պարտք, որը նույնպես որեւէ օրինական ձեւակերպում չունի, ինչը բացի իրավական հետեւանքներից, ավելի է ծանրացնում պետական պարտքի՝ օրենքով սահմանված լիմիտի խախտման հարցը: «Բյուջեի նածագին հավանություն տալն ը եւ նրա օգտին քվեարկելը, հրապարակված սենսացիոն փաստերից հետո՝ հավասարազոր է կատարված հանցագործության պարտակմանն ու հանցագործության համար քաղաքական պատասխանատվություն վերցնելուն: Քվեարկելով կողմ, դուք, ըստ էության, մեղասակից եք դառնում Հայաստանի ժողովրդի դեմ կատարված այս զազրելի հանցագործությանը»,- ասել է Զուրաբյանը՝ կոչ անելով, որ վարչապետն ու նախարարները իրենց օֆշորային հաշիվներից վճարեն 300 դոլարի պարտքը:





























