Ուկրաինայի եվրոասոցիացման գործընթացը կապ չունի Հայաստանի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն՝ պատասխանելով Ուկրաինայի ապագայի եւ այն Հայաստանի համար այն որպես օրինակ լինելու մասին հայ լրագրողների հարցերին:
«Ես Ֆրանսիայի դեսպանն եմ Հայաստանում, ոչ թե՝ Ուկրաինայում: Կարող եմ ասել, որ ներկայումս ԵՄ-ի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ բավական հագեցած բանակցություններ են ընթանում: Մնացած առումներով ինձ համար դժվար է մեկնաբանել այդ երկու երկրների եվրոասոցացման շուրջ իրավիճակը»,-հայտարարել է դեսպանը:
Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Վլադիմիր Պուտինի Հայաստանում արված հայտարարություն («Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից»), դեսպանը հայտարարել է, որ պետք չի հակադրել Ռուսաստանի եւ Եվրոպայի շահերը Հայաստանում:
«Պուտինը հայտարարել է, որ իր նպատակը եղել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Նա հաստատել է իր ցանկությունը՝ խորացնել եւ ընդլայնել Հայաստանի համագործակցությունը ՄՄ-ի հետ: Հայաստանի ընտրությունը հարգանքով է ընդունվել եվրոպական հանրության, այդ թվում Ֆրանսիայի կողմից»,-ասել է դեսպանը:
Պատասխանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների մասին հարցին, դեսպանը Հայաստանը համարել է արժեքներով խորը եվրոպական երկիր: «Հայաստանը լավ հարաբերություններ է պահպանում միաժամանակ Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ: Լինելով ՀԱՊԿ անդամ, նա հարաբերություններ է պահպանում ՆԱՏՕ-ի հետ»,-ընդգծել է Ռենոն:





























