Քաղաքապետարանի ամբողջ թիմը ձյուն է մաքրում եւ տեղացող ձյան պայմաններում էլ ամբողջ տեխնիկան աշխատում է: Այս մասին այսօր` դեկտեմբերի   12-ին, ՀՀԿ Գործադիր մարմինի նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ արձագանքելով ձյան մաքրման աշխատանքերի հետ կապված քաղաքացիների դժգոհությանը:

Նրա խոսքով՝ ոչ միայն վարչական շրջանի տեխնիկաներն են աշխատում, այլեւ տարբեր այլ կազմակերպություններ՝ լինի շինարարական եւ այլն:

«Որոնք հնարավորություն ունեն օգնելու, բոլորը օգնում են։ Եվ ոչ միայն նրանք, այլ նաեւ մեր քաղաքացիներն ու մասնավոր սեկտորը: Չմոռանանք, որ ձյունը տեղում է արդեն երկու օր։ Բոլորդ էլ նկատում եք, որ մեկ օրից ավելի է ձյունը չի կտրվում, բայց դա կապ չունի, մենք մեր աշխատանքը կատարում ենք եւ ես շնորհակալ եմ բոլոր այն աշխատողներին, ովքեր երկու օր շարունակ գիշերը չեն քնում՝ մեր քաղաքացիների համար հարմարավետություն ապահովելու համար»,-ասաց նա։

Սակայն քաղաքապետը հրաժարվեց տրանսպորտի հավանական թանկացման շուրջ հարցերին պատասխանել:

Նշենք, որ թեեւ քաղաքապետարանի հավաստիացումներին, Երեւանի շատ փողոցներ մաքրված չեն ձյունից, որն արդեն վերածվել է սառույցի հաստ շերտի: