Հայաստանը ամենայն աջակցություն կցուցաբերի Բուլղարիային Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում իր նախագահության ընթացքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երեւանում կայացած ՍԾՏՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանի շրջանակներում, Բուլղարիայի ԱԳ նախարար Կրիստիան Վիգենինի հետ հանդիպման ժամանկ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է նրան ՍԾՏՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ՍԾՏՀԿ օրակագային հարցեր, բուլղարական նախագահության առաջնահերթությունները, տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու ուղիները։ Նախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերություննեի զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերին, Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությանը։
Նախարար Վիգենինը հրավիրել է Էդվարդ Նալբանդյանին պաշտոնական այց կատարել Սոֆիա։
Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարարին կազմակերպությունում Հայաստանի նախագահության հաջող ընթացքի եւ արձանագրած արդյունքների կապակցությամբ։ Զրույցին անդրադարձ է կատարվել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքներին, ՍԾՏՀԿ քարտուղարության աշխատանքներին, կազմակերպության շրջանակներում իրականացվող համագործակցության խորացման, տարածաշրջանում տնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզիայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը քննարկվեցին ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցելության ընթացքում հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Մաքսային միության Հայաստանի անդամակցության նախապատրաստական աշխատանքներին։





























