Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրե քաղաքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Սիրիայի շուրջ խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին Մոնտրեում, քանի որ Ժնեւում այդ ժամանակ հյուրանոցներում տեղեր չեն լինելու… Այնտեղ ժամացույցների արտադրության վերաբերյալ ինչ-որ շոու է լինելու,- պարզաբանել է նա:- Դա Շվեյցարիայի համար կարեւոր բնագավառ է, ուստի Ժնեւի հյուրանոցներում տեղեր չեն լինի»,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մոնտրեն նույնպես բավական բարեհաջող է միջազգային խորհրդաժողովներ անցկացնելու տեսակետից, այնպես որ խնդիրը դա չէ, այլ նախապատրաստումը,- ասել է Չուրկինը:- Մինչ այժմ ընդդիմությունը հեռուստատեսային տարբեր շարժումներ է անցկացնում, մինչ այժմ ընդդիմության շարքերում միասնություն չկա, չկա վստահություն, որ ընդդիմությունը հակված է սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը»:  «Տարբեր երկրների կողմից ճնշում է նկատվում,- շարունակել  է նա:- Ամենեւին էլ ոչ բոլորն են ցանկանում, որպեսզի այդ խորհրդաժողովը կայանա, այնպես որ բավական բարդ աշխատանք է սպասվում, սակայն մենք հույս ունենք, որ ամեն դեպքում խորհրդաժողովը կկայանա ու կկարողանա նպաստել միջսիրիական երկխոսությանը, որը խաղաղ կարգավորման տանող միակ ճանապարհն է»: