Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը, ով նաեւ «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրենն է, վիճաբանել է թանգարանի աշխատակցուհիների հետ, որից հետո նրանցից երկուսին շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ տեղի է ունեցել նաեւ ծեծկռտուք: Եվ ոչ միայն տնօրեն Կարեն Արիստակեսյանը, այլ նաեւ թանգարանի մեկ այլ աշխատակցուհի Վարդիկը, որի մասին թանգարանում խոսում են, որ Կարեն Արիստակեսյանի ընկերուհին է, ֆիզիկական բռնության են ենթարկել 50-ամյա եւ 60-ամյա աշխատակցուհիներին: Նրանք երեկվանից գտնվում են Արմավիրի բժշկական կենտրոնում եւ ստացիոնար բուժման են ենթարկվում: Ըստ տեղեկությունների՝ կանանցից մեկի մոտ արյան զեղում է ախտորոշվել, քանի որ հարվածել են ինֆարկտ տարած կնոջը նախ սրտի շրջանում, ապա՝ պարանոցին, իսկ մյուսի մոտ՝ սրտի անբավարարություն: Կանայք հիմա երկուսն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն եւ շարունակում են մնալ հիվանդանոցում:
Կան տեղեկություններ նաեւ, որ տեղի ունեցածից հետո Արիստակեսյանը հրավիրվել է ոստիկանական բաժանմունք: Ըստ տեղեկությունների՝ սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Արիստակեսյանը վիճաբանում է աշխատակիցների հետ: Արմավիրցիների խոսքերով՝ մի քանի անգամ «Կարեն Արիստակեսյանի գործերը ոստիկանություն են ընկել, բայց նա կարողացել է մնալ անպատիժ»:ԳԱԼԱ-ն զրուցել է Կարեն Արիստակեսյանի հետ, ով հիշյալ տեղեկությունները համարել է զրպարտություն: «Ես որեւէ աշխատակցի ծեծի չեմ ենթարկել»,-շեշտել է թանգարանի տնօրենը: Նա նաեւ հավելել է, որ քննություն է ընթանում, որը եւ կպարզի, որ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:





























