Նյույորքցի երիտասարդ զույգը մեկ ամիս անցկացրել է Փենսիլվանիա նահանգի բանտում՝ երկու կգ սովորական օճառ պահելու համար:

2013թ. նոյեմբերին ոստիկանը արագության գերազանցման համար կանգնեցրել է մեքենան, որում եղել են 26-ամյա Անադել Կրուսն ու 30-ամյա Ալեքսանդր Բերնշթեյնը: Զույգը Նյու Յորքից Ֆլորիդա էր ուղեւորվում: Ոստիկանը Կրուսին խնդրել է դուրս գալ մեքենայից: Ապա նա հոտ է քաշել եւ հայտարարել, թե նրանք թմրանյութ են օգտագործել: Անադելը խոստովանել է, որ ուղեւորությունից առաջ մարիխուանա են ծխել: Ոստիկանը խնդրել է խուզարկել մեքենան, եւ երկու սպիտակ փաթեթ է հայտնաբերել, որոնք կոկաինի տեղ է դրել: Անադելը փորձել է բացատրել, որ դա սովորական օճառ է, սակայն նրանց ձերբակալել են: Նրանց թմրանյութ պահելու մեղադրանք է առաջադրվել եւ փակել են Ալլենթաուն քաղաքի բանտում: Զույգը կարողացել է դուրս գալ միայն 250 եւ 500 հազար դոլար գրավ մուծելուց հետո:

Մինչ զույգը գտնվում էր բանտում, փորձագետները պարզել են, որ մեքենայում հայտնաբերվածը սովորական օճառ է: Զույգի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները: Շրջանային դատախազի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալների վրա այժմ թմրավաճառի դրոշմ կա, եւ տեւական ժամանակէ  հարկավոր նրանց հեղինակությունը վերականգնելու համար: