Արմավիրի եւ Արարատի մարզերում խորքային ապօրինի հորերի լուծարման գործընթացի շուրջ բարձրացված աղմուկի եւ տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ պարզաբանումներ է տվել բնապահպանության նախարարության ‹‹Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Պապոյանը:

Վերջին շրջանում հասարակության լայն շրջանում եւ լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող ու մեկնաբանվող հարցերից մեկը Արմավիրի եւ Արարատի մարզերում խորքային հորերի շահագործման ուղղությամբ իրականացվող պետական նոր քաղաքականությունն է:  Հարցը սրվեց հատկապես ԱԺ վերջին նիստերից մեկում` «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  նախագծի քննարկման եւ ընդուման հետ կապված: Ո՞րն է սրա պատճառը:

Օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելը Արարատյան դաշտավայրում արդյունավետ ջրօգտագործմանը խթանելու հերթական քայլերից էր:  Մինչ այդ մշակվել եւ ՀՀ կառավարության կողմից ընդունվել էին   խորքային հորերի հորատման  մեքենա-սարքավորումների գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու եւ ստորերկրյա  ջրային ռեսուրսների մոնիտորինգի ազգային դիտողական ցանցի զարգացման  աշխատանքները կարգավորող որոշումներ:

Խնդրի հրատապ է, քանզի Արարատյան դաշտավայրում 3 անգամ պակասել է ստորերկրյա  ջրերի ճնշումային գոտու տարածքը` 38.2 հազ հա-ի հասնելով 10.8 հազար հա-ի:

Արդեն զգալի թվով  համայնքներում արձանագրվում է ինչպես գրունտային, այնպես եւ ճնշումային հորիզոնների մակարդակների իջեցում, որը վտանգի տակ է դնում  անգամ այդ  համայնքների  ջրամատակարարումը:

Հիմնականում ի՞նչ նպատակներով են օգտագործվում ջրային ռեսուրսները:

Խորքային հորերի ջրային ռեսուրսներն  օգտագործվում են կենցաղային եւ գյուղատնտեսական նպատակով: Գյուղատնտեսությունն իր մեջ վերցնում է 2 խոշոր ճյուղ` հողագործություն եւ ձկնաբուծություն:

Հողագործության պարագայում  հիմնականում օգտագործվում է այնքան ջուր, որքանի կարիք իրականում կա: Այլ է իրավիճակը ձկնաբուծության պարագայում: Այստեղ իրականացվում է  ջրօգտագործման բաց համակարգը, այն դեպքում, երբ այն  կարող է իրականացվել կիսափակ  կամ  փակ համակարգերով:

Ի՞նչ քայլեր են իրականացվում այս ուղղությամբ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որը բնականաբար շահագրգռված է նաեւ ձկնաբուծության զարգացմամբ, արդեն իսկ ստացել է համապատասխան հանձնարարություն.  նախ` 1-2 ձկնաբուծական տնտեսություններում իրականացնելու ջրամատակարարման փակ կամ կիսափակ համակարգեր, ինչպես նաեւ մշակելու ողջ Արարատյան դաշտավայրում ստորերկրյա  ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնող ձկնային տնտեսությունները կիսափակ կամ փակ համակարգի անցնելու ծրագիր:

Իսկ որո՞նք են Բնապահպանության նախարարության գործառույթներն այս խնդրում:

Այդ խնդրի կարգավորման օրենսդրական ճանապարհներից մեկ էլ  բնապահպանական եւ բնօգտագործման վճարների համակարգի կատարելագործումն է, ինչպես նաեւ ապօրինի խորքային հորերի բացահայտումը, հաշվառումը եւ  կոնսերվացումը կամ լուծարումը:

Ինչպե՞ս կմեկնաբանեիք ԱԺ-ում մի քանի պատգամավորների  հնչեցրած եւ նաեւ մամուլում քննարկվող այն տեսակետը, որ օրենսդրական նախաձեռնությունը ուղղված է ձկնարդյունաբերական բիզնեսով զբաղվողների դեմ:

Բնապահպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ձկաբուծության մեջ ստորերկրյա ջրերի արդյունավետ  օգտագործմանը,  ոչ թե արգելքների սահմանմանը կամ տնտեսվարողների համար նոր դժվարությունների ստեղծմանը: Խոսքը  ընդամենը   ռեսուրսների վատնման  հասցնող արտոնությունը հանելու եւ անօրինական շահագործումն արգելելու մասին է:

Իրականացվող  գործընթացներն այլ ծրագրերի հետ կապելու,  դրանք  որպես տնտեսվարման  մենաշնորհ ստեղծելու կամ  անհատական շահագրգռությունների   դրսեւորման փորձ գնահատելու  համար  առնվազն  պետք է ցուցաբերել ընդգծված  մասնավոր սուբյեկտիվ վերաբերմունք եւ  կարճատեսություն ապագայի նկատմամբ: