Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում՝ Բորդոյի շրջակայքում, ուղղաթիռ է ընկել, որում գտնվել են չորս մարդ, այդ թվում՝ Հոնկոնգից մի միլիարդատեր։

Հաղորդվում է, որ միլիարդատեր Լամ Կոկը ուղղաթիռից դիտում էր վերջերս իր ձեռք բերած խաղողի այգիները՝ Chateau de la Riviere կալվածքում։ Նրանից բացի ուղղաթիռում են եղել նաեւ իր 12-ամյա որդին, թարգմանիչը եւ խաղողի այգիների նախկին տեր Ջեյմս Գրեգուարը։ 
Նշվում է, որ ուղղաթիռը գետն է ընկել։ Ուղղաթիռի եւ մարդկանց մարմինների հետքերն  առայժմ  չեն հայտնաբերվել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։

Միլիարդատերը չինական Brilliant ընկերության սեփականատերն է, որն զբաղվում է  չինական թեյի էլիտար տեսակների, գինիների, թանկարժեք կահույքի եւ անշարժ գույքի վաճառքով։ Խաղողի այգիները գնելու գործարքի արժեքը հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ դա չինական ամենախոշոր ներդրումն է Բորդոյում։