Մոսկվայի քաղաքային դատարանում երդվյալ ատենակալները պլաստիկ վիրաբույժ Տապիա Ֆերնանդեսին անմեղ են ճանաչել մանկապղծության գործով, նրան կալանքից ազատ են արձակել, հաղորդել է դատարանի մամուլի ծառայությունը:

Ինչպես պարզաբանել են փաստաբանները, երդվյալ ատենակալների վճիռը միաձայն էր, նրանք բոլոր մասերով նրա մեղքն համարել են չապացուցված: Լսելով ատենակալների վճիռը՝ մեղադրյալը լաց է եղել, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:

Երկուշաբթի ավելի ուշ դատարանը հրապարակել է պլաստիկ վիրաբույժի արդարացման վերաբերյալ որոշումը: Վիրաբույժին կալանքից ազատ են արձակել:

Հետաքննության վարկածով՝ 2002-2011թթ. ընթացքում վիրաբույժը սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել 1998 եւ 2006 թվականներին ծնված որդու եւ դստեր նկատմամբ:

Վիրաբույժին մեղադրել են բռնաբարության, այլասերման եւ սեռական բնույթի բռնի գործողությունների մեջ:

«Վզգլյադ» թերթը հաղորդում էր, որ 2011թ.-ի հոկտեմբերին 57-ամյա պլաստիկ վիրաբույժին ձերբակալել էին: Իրավապահ մարմիններին էր դիմել բժշկի 34-ամյա կինը: Նախապես մեղադրյալի դեմ քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 132 հոդվածի համաձայն: Այնուհետ բժշկին անմիջապես կալանավորել էին: