Ադրբեջանական նավթադոլարները հասել են Սեյշելյան կղզիներ: Այլ կերպ չես կարող մեկնաբանել փաստը, որ Իլհամ Ալեիեւը այնտեղ «Տարվա մարդ» է հռչակվել:
Ինչպես հաղորդում է APA-ն, «Հնդկական օվկիանոսի եւ Արաբական ծովի ձայն» (VIOAS) ամսագիրը Ադրբեջանի նախագահին «Տարվա մարդ» է հռչակել եւ նրան հատուկ ամանորյա համար է նվիրել:
Ամսագրի շապիկին Իլհամ Ալիեւի պատկերն է, որտեղ նաեւ նշվում է, որ 10-ամյա գործունեությունից հետո, նա «ժողովրդի մեծ մասի աջակցությամբ կրկին ընտրվել է երկրի նախագահ»:
Բացի այդ, ամսագրում նշվում է, որ Ալիեւը 90 տոկոսով նվազեցրել է աղքատության մակարդակը, իսկ մինչեւ 2020 թվականը երկրի ՀՆԱ-ն կրկնակի աճելու է:
Միաժամանակ, Ադրբեջանում թափ է հավաքում սկանդալային միջադեպը՝ խոհարարի հեռացման հետ, որին հանձնարարվել էր Իլհամ Ալիեւի ծննդյան տոնի առթիվ տորթ պատրաստել: Նրան հեռացնելու մասին հաղորդել էր AzVision.az-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ապահովության եւ վերլուծության բաժնի պետ Այազ Իմամալիեւին: Իհարկե, պետական մարմինները շտապել են հերքել սկանդալային հեռացման մասին տեղեկությունը, հայտարարելով, որ բոլորովին էլ չէին ցանկանում հսկայական տորթ պատրաստել Իլհամ Ալիեւի ծննդյան օրվա առթիվ, այլ միայն նախատեսում էին փոքր տորթ պատվիրել:
Դեռեւս մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում եւ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Սումգայիթ քաղաքի գործադիր իշխանության շենքի դիմաց հսկայական վրան է տեղադրվել, որտեղ քաղցրեղեն են պատրաստում՝ քաղաքի բնակիչներին ու հյուրերին հյուրասիրելու համար: Սպասվում էր, որ տորթի չափը պետք է համապատասխանի Իլհամ Ալիեւի տարիքին. Այսինքն տորթի երկարությունը պետք է կազմի 52 մետր, իսկ քաշը՝ ավելի քան 12 տոննա: Նման տորթ պատրաստելու համար անհրաժետ է 2 տոննա ալյուր, 2 տոննա շաքար, 300 կգ ձեթ եւ 25 հազար ձու:
Սակայն խոհարարներին չէր հաջողվել նախատեսված ամսաթվին պատրաստել տորթը:





























