Մայիսի 30-ին տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնության «Հայոց պետականության հրամայականը» խորագրով առաջին խորհրդաժողովը, որին մասնակցել են քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, երիտասարդներ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնության մամուլի ծառայությունից, մտքերի փոխանակման ընթացքում կարեւորվել է նոր որակի առաջնորդող խմբի ստեղծման անհրաժեշտությունը։  Վերջինս պետք է խարխսված լինի պետականության վերականգման գործում հայակենտրոնության եւ սոցիալ-արդարականության սկզբունքների վրա, ստեղծելով առողջ քաղաքացիական հասարակություն, որն էլ կդառնա հզոր եւ միասնական Հայաստանի ստեղծման անհրաժեշտ հիմքը։

Խորհրդաժողովում նշվել է նաեւ, որ իշխող հակաազգային ու հակապետական ռեժիմի պայմաններում արդար ընտրությունների անցկացումը անհնար է, ուստի անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային  Խորհրդարան: Այն պետք է ապահովի հայաստանակենտրոնության սկզբունքին հավատարիմ մարդկանց եւ ուժերի համագործակցության դաշտը, ինչպես եւ առավել լայն բազմակարծություն եւ քաղաքացիական հասարակության բազմազանության հնարավորությունը:

Ստեղծվելիք Խորհրդարանը հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների եւ մոտեցումների, ծրագրերի եւ մթնոլորտի բյուրեղացման համար, իբրեւ նոր Հայաստանի կայացման եւ հայկական պետականության զարգացման ուղենիշ: