Մայիսի 29-ին, ժամը 10.10-ին Վայոց ձորի մարզպետարանից փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի ջրամբարի պատվարի ստորին հատվածից տեղի է ունենում ջրի արտահոսք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ մարզպետարանից եւ «Վայք ոռոգում» ՓԲԸ-ից պաշտոնատար անձինք եւ մասնագետներ:
ժամը 17.25-ի դրությամբ` ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ջրամբարը եւ դրան հարակից տարածքը (մոտ 60-80 հա) գտնվում են ակտիվ սողանքային գոտում: Տեղանքում առաջացել են բազմաթիվ ճեղքեր (10-30 սմ լայնությամբ), նստվածքներ եւ տեղ-տեղ` հողային զանգվածի փլվածքներ, ինչի հետեւանքով վնասվել են գյուղի խմելու ջրի խողովակաշարը եւ կապտաժը: Պատվարից մոտ 40 մ հեռավորության վրա տեղի է ունենում ջրի արտահոսք, որի շարունակվելու դեպքում առկա է պատվարի փլուզման վտանգ:
Փլուզումը կանխելու նպատակով դադարեցվել է ջրի մուտքը ջրամբար, ավելացվել բնականոն արտահոսքը:



























