Ծխողների քանակով Հայաստանը աշխարհի առաջատար երկրներից է: Այս մասին այսօր` մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: «Դրությունը շատ ավելի լուրջ է, քան թվում է։ Ծխախոտ ընդունելը կախվածություն է, իսկ կախվածության հաջորդ աստիճանը մոլագարությունն է։ Ծխախոտի մեջ առկա 90-ից ավելի տարրերից չկա մեկը, որն օգտակար լինի մարդու համար։ Սա ակադեմիկոս Գաբրիելյանի խոսքերն է։ Մարդկային օրգանիզմն այդ ախտի պահանջը չունի։ Մեր երկիրը, ցավոք սրտի, առաջատարներից է, եւ արդեն բնակչության 50 տոկոսից ավելին ծխում է»,-նշել է Արմեն Պողոսյանը:

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն իր հերթին տեղեկացրել է, որ Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը, սակայն տղամարդկանց շրջանում այդ թիվը կազմում է 55 տոկոս։ Նրա խոսքով, Հայաստանի ծխախոտի շուկայում պահանջարկի 37,5 տոկոսն ապահովում են օտարեկրյա բրենդները, 55,5 տոկոսը` «Գրանդ տոբակո»-ն եւ «Մասիս տոբակո»-ն եւ 7 տոկոսը` «Սիգարոնը»։ Ըստ այդմ, Ադիբեկյանի ներկայացմամբ, ընդհանուր առմամբ այդ ոլորտում շրջանառությունը 200 մլն դոլար է: