Մայիսի 29-ին ժամը 22.35-ին Հրազդան քաղաքի ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցելել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 066 ՕՕ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Մարմարիկ գետը:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Երեւանի Պռոշյան 1-ին նրբանցք 58/1 հասցեի բնակիչ, 1973 թ. ծնված Համիկ Մկրտչյանը եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել Հրազդանի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Վարորդը` Արամ Դալլաքյանը, մեքենայի մեջ չի գտնվել:

Փրկարարների եւ ոստիկանների կողմից իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

Ժամը 7.00-ին դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները եւ 1 ջրասուզակ:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ Կոտայքի մարզային փրկարարական ջոկատի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի եւ Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:

Դեպքի վայրում է եղել նաեւ ՀՀ արտկարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը։ Դեպքի վայրից մինչեւ Հրազդանի ջրամբար իրականացված որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել:

Այսօր առավոտյան որոնումները վերսկսվել են: