«Կաննի» կինոփառատոնի կինոշուկայում ներկայացված «Խճճված զուգահեռներ» եւ «Մի նայիր հայելուն» ֆիլմերը ցուցադրությունից հետո միջազգային մի շարք հեղինակավոր կինոփառատոններից մասնակցության հրավերներ են ստացել:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանն ասացին ազգային կինոկենտրոնի նախագահ Գեւորգ Գեւորգյանը, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը եւ «Ռեանիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, ովքեր վերջերս են վերադարձել կինոփառատոնից, որտեղ նրանք ներկայացնում էին հայկական տաղավարը՝ 35 ֆիլմերով: Գեւորգ Գեորգյանը նշեց, որ մի շարք պայմանավորվածություններ  է ձեռք բերվել նաեւ համատեղ կինոարտադրության շուրջ, ինչպես նաեւ հայկական ֆիմերը  Եվրոպայում եւ ԱՊՀ երկրներում տարածելու համար: Իսկ Վրեժ Քասունին էլ նշեց, որ արաբական երկրների կինոփառատոնների ղեկավարների հետ մի շարք հանդիպումներ է ունեցել՝ հայկական ֆիլմերն այդ երկրներում տարածելու եւ ցուցադրելու համար: Ռեժիսոր Հովհանես Գալստյանն էլ իր հերթին շատ կարեւորեց մասնակցությունը «Կաննի» շուկային.

«Ֆիլմը վաճառելը ավելի կարեւոր է, քան մրցույթին ներկայանալը»,- ասաց նա:

Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ  Հնդկական «Պրոկաշ շարմա» պրոդյուսերական ընկերությունը խոստացել է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին պատմող գեղարվեստական  ֆիլմը, որը պատրաստ պետք է լինի 2015 թվականին՝ ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ որի նախնական աշխատանքներով զբաղվում է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը: Ազգային կինոկենտրոնի նախագահը չբացառեց, որ ֆիլմը հնարավոր է ունենա մի քանի ռեժիսորներ:

Նշենք նաեւ, որ «Խճճված զուգահեռներ» ֆիմը հրավեր է ստացել նաեւ թուրքական «Անիվների վրա» կինոփառատոնից: Ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը նաեւ ասաց, որ թուրքական կողմից առաջարկություն է եղել իր ֆիլմում նկարահանել թուրք դերասանուհու: Ռեժիսորը չի բացառում, որ այդ առաջարկությունը կընդունի: