Լեռնային Ղարաբաղի հարցում Լեհաստանի դիրքորոշումը չեզոք է հստակ: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Ըստ դեսպանի՝ Լեհաստանը կարծում է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, պետք է պահպանվեն ազգերի ազատ ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները:

«Կարգավորման մանրամասները պետք է քննարկվեն երկու, կարելի է ասել, երեք կոզմերի մասնակցությամբ»,- նշեց դեսպանը, իսկ լրագրողների զարմացական հայացքներին ի պատասխան մանրամասնեց, որ երեք կողմերն են՝ Հայաստանը, Ադրբեջանը ե «Լեռնային Ղարաբաղում բնակվող Հայաստանի քաղաքացիները»:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերջերս ընդունած հակահայ բանաձեւը, որտեղ հայկական կողմին կոչ է արվում «անհապաղ հանել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից», Զդիսլավ Ռաչինսկին նկատեց, որ ԵՄ-ն անմիջականորեն ներկայացված չէ խնդրի կարգավորման գործընթացում: «Չեմ կարծում, որ օպտիմալ կլինի, որ բանակցային գործընթացին այլ կազմակերպություններ կամ ուժեր միանան»,- արձանագրեց դեսպանը՝ հավելելով, որ Եվրամիությունը կարող է իր մասնակցությունը ունենալ հետկոնֆլիկտային փուլից հետո, ֆինանսական կամ խաղաղարար օգնություն ցուցաբերելով: