Հուլիսի 1-ից առաջին անգամ կայանալու է Երեւան-Վարշավա ուղիղ չվերթը, որն ուղղակորեն կկապի երկու երկրները: Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ խոսելով հայ-լեհական հարաբերությունների մասին:

Ըստ դեսպանի՝ հայ-լեհական հարաբերությունները շատ ջերմ են: «Ես երեք ամիս է՝ ինչ Հայաստանում եմ, եւ այդ ընթացքում ջերմ վերաբերմունքի եմ արժանացել:

Եթե գաք Լեհաստան, կհամոզվեք, թե որքան ջերմ է լեհերի վերաբերմունքը հայերի նկատմամբ: Երկու ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն»,- նշել է դեսպանը՝ նկատելով, որ Լեհաստանը շահագրգռված է եղել, որ Հայաստանը միանա «Արեւելյան գործընկերության ծրագրին», եւ, չնայած, որ ծրագիրն ի սկզբանե նախատեսված էր երեք երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի համար, Լեհաստանն արել է ամեն ինչ, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը եւս միանան ծրագրին:

Դեսպան Ռաչինսկին ներկայացրել է նաեւ հարաբերություններին խոչընդոտող հանգամանքները: Ըստ այդմ, երկու երկրների տարածքային հեռավորությունն է, իսկ երկրորդը՝ անմիջական թռիչքների բացակայությունը: Զդիսլավ Ռաչինսկին հայտնեց, որ երկրորդ խնդիրն արդեն լուծվել է եւ հուլիսի 1-ից սկսվելու են Երեւան-Վարշավա չվերթները:

Դեսպանի կարծիքով, լուրջ խնդիր է նաեւ տեղեկացտվածության պակասը: «Եթե լեհին հարցնեք՝ ինչ գիտի Հայաստանի մասին, կասի՝ խաչքար, կոնյակ, Արարատ»,- ասաց դեսպանը: Զդիսլավ Ռաչինսկու խոսքով, խնդիր է նաեւ մեր տարածաշրջանի անկայուն վիճակը: