Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության  կրթության եւ գիտության նախարարության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ձեւավորման եւ գործունեության կարգը»: Համաձայն կարգի` խումբը գործելու է հասարակական հիմունքներով, եւ խորհրդի անդամն ընդգրկվելու է խմբի կազմում հինգ տարի ժամկետով:   

Հայաստանի ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խմբի անդամներն իրավասու են անարգել այցելել հաստատություններ, անհրաժեշտության դեպքում  ծանոթանալ փաստաթղթերի բովանդակությանը, սովորողների անձնական գործերին, հաստատության պայմաններին, ինչպես նաեւ հանդիպել հաստատության աշխատակիցների եւ սովորողների հետ: Խմբի անդամները կարող են առանձնազրույց ունենալ սովորողի հետ` հոգեբանի  կամ մանկավարժի պարտադիր մասնակցությամբ:

Մշտադիտարկման լիարժեք իրականացման նպատակով խումբը տարվա մեջ առնվազն երկու անգամ այցելելու է բոլոր հաստատություններ: Նախատեսվում է կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթաց, որը պարտադիր է լինելու խմբի յուրաքանչյուր անդամի համար:

Խմբի անդամները հաստատություններ կարող են  այցելել  ցանկացած օր եւ ցանկացած ժամի (այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին` առանց նախազգուշացման:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո, որոնց արդյունքում դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանը երկու տարվա բանտարկության էր դատապարտվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար, Արմեն Աշոտյանը խոստացել էր ուշադրության կենտրոնում պահել հատուկ դպրոցների խնդիրը: