ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը արձագանքել է մայիսի 28-ին, 29-ին եւ 30-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպերին, երբ խնդիր է առաջացել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների միջեւ: Նշված միջադեպերի արդյունքում Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիակնության կենտրոնի բաժին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացվել է տեղեկատվություն միջադեպից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին արդեն բերման են ենթարկել ՀՀ Ոստիկանության կենտրոնի բաժին: Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման պատասխանատուները մեկնել են ՀՀ Ոստիկանության կենտրոնի բաժին եւ հանդիպել թե Ոստիկանության եւ թե Կոնգրեսի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են իրարամերժ տեղեկատվություն միջադեպերի վերաբերյալ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից, պահպանել եւ հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ՀՀ Ոստիկանության մարմիններին հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները, ղեկավարվել համաչափության սկզբունքով` զերծ մնալով անձի` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի անհարկի սահմանափակումներից, հիմք ընդունել միայն անհերքելի եւ հիմնավոր փաստերը, որոնց առկայության պարագայում միջամտությունն անձի` խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի իրականացմանը  կարող է համարվել արդարացված:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ակտիվիստները վերջին օրերին ցանկանում են բողոքի նստացույց անցկացնել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները նրանց նկատմամբ բռնություն են կիրառում եւ տանում ոստիկանության բաժին: