Երեկ՝ մայիսի 31-ի գիշերը ձերբակալվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, ում այլ լրագրողների եւ հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ոստիկանությունը Ազատության հրապարակի մատույցներում ձերբակալել էր 17 հոգու՝ խոչընդոտելով ազատ տեղաշարժվելու նրանց իրավունքը: Կարմիրբերետավորները բռնությամբ բերման էին ենթարկել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին, «Հայկական ժամանակ»-ի լրագրողներ Սյուզաննա Պողոսյանին եւ Անի Գեւորգյանին, «Հայքի» թղթակից Լիլիթ Թադեւոսյանին: Ընդհանուր առմամբ ձերբակալվել են 17 հոգի:
Իսկ արդեն երեկոյան մի ոստիկան՝ Համբարձում Բոքսյան անուն-ազգանունով Կենտրոնի ոստիկանատանը զեկուցագիր է գրել, թե Անի Գեւորգյանը նախօրեին՝ ժամը 20-ի սահմաններում Ազատության հրապարակի մերձակայքում հարվածել է իր դեմքին եւ ցավ է պատճառել»: Ոստիկանի զեկուցագրի հիման վրա էլ փոքրամարմին լրագրողին մեղադրանք է ներկայացվել քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասով (Ոչ վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Լրագրողին արդեն տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան:
Ի դեպ, անհայտ է առայժմ ՀԱԿ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանի եւ Սարգիս Գեւորգյանի՝ Անի Գեւորգյանի եղբոր գտնվելու վայրը: Նրանց նույնպես բերման էին ենթարկել:
Մյուս 14 բերման ենթարկվածներին ուշ գիշերին ազատ են արձակել Կենտրոնի ոստիկանատնից:


























