Այսօր` հունիսի 1-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սուրբ Գայանյանց կույսերի տոնը: Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշվում է Սբ. Հռիփսիմյան եւ Սբ. Գայանյան կույսերի տոները` երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի տոների օրը Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Երկու տոներն էլ ունեն իրենց նախատոնակը, որ կատարվում են տոների նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից հետո` Սբ. կույսերին նվիրված շարականների երգեցողությամբ:
Նշենք, որ այժմ Սուրբ Գայանե վանքում մատուցվում է Պատարագ, որի ավարտից հետո կատարվելու է անդաստանի արարողություն: Սուրբ Գայանե վանք է տարվել նաեւ Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Գայանե կույսի Աջը:
Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր եւ հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում եւ նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետեւ՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին:
Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաեւ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին եւ զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ եւ կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե եւ Սբ. Շողակաթ եկեղեցիները:


























