Նախօրեին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.40-ին Մարմարիկ գետի Հրազդան-Հանքավան հատվածի 4-րդ կմ-ում Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակների կողմից հայտնաբերվել է Երեւանի Մամիկոնյանց 45/48-րդ հասցեի բնակիչ, 1978 թ. ծնված Արամ Դալլաքյանի դին:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, ժամը 22.35-ին Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի էր ունեցել ավտոպատահար. «ԲՄՎ» մակնիշի 066 ՕՕ 01 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել Մարմարիկ գետը: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս էր բերվել տուժած ուղեւոր` Երեւանի բնակիչ, 1973 թ. ծնված Հ. Մկրտչյանը, իսկ վարորդը մեքենայի մեջ չէր գտնվել:

Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցել են նաեւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդան քաղաքի եւ «Հրազդան ՋԷԿ»-ի հրշեջ փրկարարական ջոկատների փրկարարները: Մի քանի օրվա որոնումներից հետո վերջապես վարորդի դին նույնպես գտնվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» կենտրոնից: