Պաշտոնական այցով Կանադայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Լոուրենս Քեննոնի հետ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները շարունակել են շուրջ երկու տարի առաջ Քվեբեկում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում մեկնարկած երկկորղմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ երկխոսությունը, որը պարբերական բնույթ ստացավ տարբեր համաժողովների շրջանակներում անցկացված հանդիպումների շնորհիվ: Վերջին մեկ տարվա ընթացքում կայացել է Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հինգ հանդիպում:

Առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանում գործում են կանադական կապիտալով շուրջ երկու տասնյակ ընկերություններ, եւ համատեղ ջանքերով դրանց թիվը կարող է ավելանալ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նպատակով Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը եւ գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ գործընթացը կշարժվի առաջ, երբ թուրքական կողմը պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել ստորագրված արձանագրությունները:

Նախարար Քենոնն իր հերթին նշել է, որ Կանադան ողջունում է բոլոր ջանքերը, որոնք կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:

Է. Նալբանդյանը հանդիպել է նաեւ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պիտեր Միլլիքենի հետ էր: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են հայ-կանադական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:

Կանադայի խորհրդարանում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ «Կանադա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անդամների հետ:

Է. Նալբանդյանի օրակարգի հաջորդ հանդիպումը Կանադայի  քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիի hետ էր: Վերջինս ասել է, որ ինքը Հայաստանի եւ կանադահայ համայնքի բարեկամն է: Զրուցակիցները անդրադարձել են  Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին: 

Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբադյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է Օտտավայում իր ունեցած եւ կայանալիք հանդիպումները, պատասխանել ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ հարցերին: