Այսօր` հունիսի 1-ից մեկնարկել են միասնական քննությունները, որոնք շարունակվելու են մինչեւ հունիսի 23-ը: Մասնավորապես՝ այսօր դիմորդները միասնական քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Ընդհանուր պատմություն», «Աշխարհագրություն» առարկաններից:
Այս կապակցությամբ լրագրողներն այսօր Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանի հետ միասին այցելել են թիվ 20 քննական կենտրոն։ Լրագրողների ներկայությամբ բացվել են քննական թեստերի փաթեթները։
Գ. Խաչատրյանի խոսքով, այսօր կենսաբանությունից քննություն են հանձնում շուրջ 1100 շրջանավարտներ, ընդհանուր պատմությունից՝ 500, աշխարհագրությունից՝ 300։ Տնօրենը հավելեց, որ բացակաների թիվը 13 է։ Առաջին քննությունների արդյունքները հայտնի կդառնան երկու օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ այս տարի դիմորդների ընդհանուր թիվը` ներառյալ ԼՂՀ –ի դիմորդների թիվը, 17 655 է, որը նախորդ տարվա դիմորդների թվից պակաս է 1510-ով: «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից քննությունը կանցկացվի հունիսի 4-ին, «Ֆիզիկա» առարկայից` հունիսի 8-ին, «Օտար լեզու» առարկայից քննությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն)` հունիսի 11-ին, «Մաթեմատիկա» առարկայից`հունիսի 15-ին, «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաներից` հունիսի 19-ին, իսկ «Ռուսաց լեզու» առարկայից` հունիսի 23-ին:




























