2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է շուրջ 179 հազար 257 հաշմանդամ, որոնցից 8358-ը՝ երեխաներ։ Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը հրավիրված մամուլի աուլիսում նման վիճակագրություն ներկայացրեց Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների «Փրկություն» կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանը։
Նրա խոսքով, հաշմանդամ երեխաների շուրջ 20 տոկոսը դասվում է հոգեկան շեղումներ ունեցողների շարքին։ «Ընդ որում, կոնկրետ մեր կենտրոնի օրինակով, հաշմանդամ երեխաների թվում շատ են հատկապես տղաները։ 52 շահառուներից մեզ մոտ տղաներ են 37-ը»,- տեղեկացրեց «Փրկություն» կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ իրենց կենտրոնը կազմավորման առաջին օրերին աշխատանքները սկսել է ընդամենը 12 երեխաների հետ։ «Թեպետ շահառուների թիվն այսօր հասել է 52-ի, եւ մենք էլ հոգատարությամբ ենք վերաբերում նրանց, սակայն նպատակ ունենք անել ամեն բան, որպեսզի հաշմանդամություն, հատկապես՝ մտավոր շեղումներ, ունեցող երեխաների առօրյան կազմակերպվի առավելապես տանը՝ ծնողների խնամքի ներքո։ Իսկ դա հնարավոր է մանկատների եւ նմանատիպ այլ կառույցների բեռնաթափմամբ, պայմանով, որ դրանք պետք է փոխարինվեն ցերեկային խնամք ապահովող նմանատիպ այլ հիմնարկներով»,- նկատեց Արփինե Աբրահամյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, «Յունիսեֆ»-ի երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանն իր հերթին ավելացրեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությամբ սկսվել է ավելի մեծ ուշադրություն դարձվել ներառական դպրոցների ծրագրերի կատարելագործմանը։ «Սակայն որքան էլ այդ ծրագրերը կատարելագործվեն, մեր եւ ՀՀ կառավարության նպատակը եղել եւ մնում է մանկատների եւ նմանատիպ այլ կառույցների բեռնաթափման խնդիրը։ Սակայն բեռնաթափում՝ դեռեւս չի նշանակում կառույցներից լրիվ հրաժարում եւ երեխաներին այդ կառուցներից մեխանիկորեն դուրսբերում. մեր խնդիրը խնամքի այլընտրանքային տարբերակներ մշակելն է»,- նշեց Խեմչյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաշմանդամ երեխաների համար նախատեսված այլընտրանքային խնամքի կենտրոններ բացելն առավել նպատակահարմար է եւ ֆինանսական առումով ավելի ձեռնտու, քան մանկատներ կամ ինտերնատներ պահելը։




























