«Դժվար է մարդուն ստիպել հրաժարվել ծնողական իրավունքներից, չնայած նրան, որ նման դեպքեր, որքան էլ փոքրաթիվ, մեր դատական պրակտիկայում, այնուամենայիվ, լինում են»,- այս կերպ պատասխանեց UNICEF-ի երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կարելի է հասկանալ այն ծնողներին, ովքեր ե՛ւ մանկատուն են հանձնում իրենց երեխաներին, ե՛ւ միեւնույն ժամանակ չեն հրաժարվում իրենց ծնողական իրավունքներից:

Նշելով, որ խնդիրը շատ նուրբ է, նա նկատեց, որ նմանօրինակ դեպքերը նվազագույնի հասցնելու համար պետությունը նախեւառաջ պետք աջակցություն ցուցաբերի նման կերպ վարվող ընտանիքներին, որոնք, որպես կանոն, միշտ անապահով խավից են լինում։ «Հարցի լուծումը սա է, եւ ոչ մի դեպքում՝ երեխաներին մանկատուն հանձնած ծնողներին իրենց իրավունքներից զրկելը»,- համոզմունք հայտնեց UNICEF-ի երեխաների իրավունքների պաշտպանության ծրագրի ղեկավարը։

Ասուլիսի մյուս բանախոս, Հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների «Փրկություն» կենտրոնի տնօրեն Արփինե Աբրահամյանն իր հերթին նկատեց, որ ողջունում է այն  ծնողներին, ովքեր, թեպետ, սոցիալական նկատառումներից ելնելով մանկատուն են հանձնում իրենց երեխային, սակայն չեն հրաժարվում իրենց ծնողական իրավունքներից։ «Ծնողներն այս դեպքում մտածում են, որ իրենց սոցիալական վիճակը մի օր կբարելավի եւ իրենք հնարավորություն կունենան երեխային վերադարձնել ընտանիք»,- ամփոփեց նա։