Երեկվա միջադեպը կարելի է համարել թուրք-իսրայելական՝ առանց այդ էլ վատթարացած հարաբերություների գագաթնակետը։ Հունիսի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկմամբ հանդես եկավ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով նախօրեին իսրայելական զինուժի՝ թուրքական նավերի վրա կատարած հարձակման թեմայի շուրջ։
Նրա խոսքով, այս դեպքից առաջ էլ թուրք-իսրայելական հարաբերություններն անամպ չէին։ «Սրանից դեռ շատ առաջ այդ հարաբերությունները ճգնաժամային էին, սակայն երեկվա բախումներից հետո իրավիճակն առավել սրվեց, ինչը դեռ երկար ժամանակ կպահպանի իր ազդեցությունը»,- համոզմունք հայտնեց Մելքոնյանը՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ Թուրքիան անում է ամեն բան, որպեսզի մահմեդական աշխարհում ամրապնդի իր դիրքերը։ «Դա է պատճառը, որ այդ երկիրը տարբեր առիթներով փորձում է դառնալ իսլամական աշխարհի շահերը պաշտպանող առաջամարտիկ։ Թուրքիայի այս նկրտումները լիարժեքորեն տեղավորվում են նեոօսմանիզմի գաղափարախոսության շրջանակներում, որի կնքահայրը եւ առաջամարտիկն է այդ երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն»,- նկատեց թուրքագետը։
Անդրադառնալով թուրք-իսրայելական վերջին շրջանում սրված հարաբերություններին՝ Մելքոնյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի կոշտ հայտարարությունները, իր դեսպանին Իսրայելից հետ կանչելու լուրերը եւ թուրք-իսրայելական ռազմական պայմանավորվածությունների չեղյալ հայտարարումը, այնուամենայնիվ, չեն վերաճի երկկողմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ «Իսրայելի հետ իր հարցերը լուծելու համար Թուրքիան հիմնական շեշտը կդնի դիվանագիտական խողովակների վրա։ Չպետք է մոռանալ,որ թուրք-իսրայելական խորքային կապերը տասնամյակների պատմություն ունեն»,- ընդգծեց Մելքոնյանը՝ շեշտելով, որ որոշ ժամանակ անց երկու երկրների միջեւ առկա լարված իրավիճակը կհարթվի։
Նշենք, որ երեկ իսրայելական զինուժը կրակ է բացել Գազայի հատված մարդասիրական օգնություն տանող 6, այդ թվում՝ թուրքական նավերի վրա, ինչի արդյունքում մեկ տասնյակից ավել մարդ է զոհվել։




























