Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին եւ տեղեկացրել, որ մայիսի 31-ին, ժամը 18-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները իր հանձնարարությամբ այցելել են Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա (Սարյանի արձանին հարող տարածք), որտեղ մի խումբ քաղաքացիներ մասնակցում էին բողոքի ակցիային: Ներկա էին նաեւ լրագրողներ եւ հասարակական կարգն ապահովող ոստիկանության աշխատակիցներ:

Ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը ՄԻՊ ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի ընթացքում 2 երիտասարդ, որոնք լրագրողներին ներկայացել էին իբրեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներ, սպառնացել են իրենց եւ տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաեւ փորձել են Գ. Շամշյանից խլել վերջինիս պատկանող տեսախցիկը:

«Գ. Շամշյանը միաժամանակ հայտնել է, որ որպես կատարվածի ապացույց, թե՛ իր, թե՛ ակցիային ներկա գտնվողներից ոմանց մոտ առկա են ֆոտո եւ տեսանկարահանման ժապավեններ»,- նշել է Հարությունյանն ու հավելել. «Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով՝ խնդրում եմ հանձնարարել փաստի առթիվ նախապատրաստել նյութեր եւ տալ իրավական ընթացք»: