Ոստիկանության կողմից ՀԱԿ-ի ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության եւ ձերբկալությունների փաստի առնչությամբ հայտարարություն է տարածել Իրավունքի եւ ազատության կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, որում ասված է.
«Սկսած ս. թ. մայիսի 28-ից Հայ ազգային կոնգրեսին աջակցող մի խումբ երիտասարդներ փորձ են անում Երեւանի Ազատության հրապարակում ոչ զանգվածային միջոցառումներ անցկացնել, որոնց ընթացքում նպատակ ունեն բողոքել «Ա1+» հեռուստաընկերությունը չբացելու, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման, բանակում իրականացվող բռնությունների, քաղբանտարկյալների ազատ արձակման եւ կալանավայրերում կիրառվող խոշտանգումների դեմ: Ոստիկանությունը, չունենալով որեւէ հիմնավոր եւ օրինական պատճառ, ուժի գործադրմամբ թույլ չի տալիս որպիսի նրանք մուտք գործեն հրապարակ եւ իրականացնեն իրենց ոչ զանգվածային բողոքի ակցիաները: Արդյունքում բռնություն է գործադրվում ոչ մի օրենք չխախտած քաղաքացիների նկատմամբ: Միջոցառումների մասնակիցներին բերման են ենթարկում ոստիկանական բաժիններ, եւ շինծու մեղադրանքներ են առաջադրվում: Չարդարացված բռնության են ենթարկվում ոչ միայն բողոքի ակցիայի մասնակիցները, այլեւ ակցիան լուսաբանող լրագրողները:
Մայիսի 31-ին նույն միջոցառումն իրականացնելու հերթական փորձի ժամանակ ոստիկանական ուժերը կրկին ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: 10-15 մարդ, այդ թվում եւ միջոցառումը լուսաբանող լրագրողներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որոնցից երեքը՝ լրագրող Անի Գեւորգյանը եւ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը ձերբակալվել են:
Իրավունքի եվ ազատության կենտրոնը դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող այս չարդարացված բռնությունները: Նրանցից պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին եւ հարգել ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները»:


























