«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը առաջիկայում պետք է բժշկական հետազոտության ենթարկվի։ Սասուն Միքայելյանը, ով 8 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մարտի 1-ի» գործով, սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ միայն հետազոտությունից հետո պարզ կդառնա՝ վիրահատական միջամտություն անհրաժեշտություն կա, թե՞ ոչ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ հավելելով. «Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն ծանր է, քանի որ բանտային պայմաններում նա չի կարող լիարժեք ապաքինվել եւ որակյալ բուժման կարիք ունի»։ Հիշեցնենք, որ քաղբանտարկյալը մոտ երկու ամիս առաջ սրտի վիրահատություն է տարել, եւ այժմ բանտային պայմաններում է շարունակում բուժումը։
Ի դեպ, Սասուն Միքայելյանից բացի առողջական խնդիրներ ունեն նաեւ մյուս քաղբանտարկյալները։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Մուշեղ Սաղաթելյանը ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի եւ գտնվում է ՔԿՀ-ի բուժանձնակազմի հսկողության տակ։ Սարգիս Հացպանյանը եւս ստամոքսի, լեղապարկի, լյարդի հետ կապված խնդիրներ ունի։ Նա վերջերս է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Մեկ այլ քաղբանտարկյալի՝ Մուրադ Բոջոլյանի վիճակը, ով ազատազրկման վայրում սրտի ինֆարկտ է տարել, շարունակում է մնալ կայուն ծանր։ Բանտային պայմաններն ու հիվանդությունը, որով նա տառապում է անհամատեղելի են։ Մարտի 1-ի գործով ազատազրկման դատապարտված Ռոման Մնացականյանին էլ անհանգստացնում է ներգանգային ճնշումը։ «Պետությունը պատասխանատվություն է կրում այս մարդկանց համար եւ պետք է շահագրգռված լինի նրանց առողջության պահպանման հարցում։ Մանավանդ, որ այդ մարդիկ անմեղ մարդիկ են. հանցանք չեն գործել ու ազատազրկման են դատապարտվել հանիրավի»,- ասել է Արմեն Խաչատրյանը։ Նա նաեւ հավելել է, որ այն վերաբերմունքը, որը ցուցաբերվում է քաղբանտարկյալների նկատմամբ, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով դիտարկվում է որպես խոշտանգում։ «Քանի որ խոշտանգում է ոչ միայն ծեծն ու բռնությունը, այլ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալին դիտավորյալ օգնություն չցուցաբերելը»,- նկատել է ՀԱԿ իրավական աջակցության ծառայության ներկայացուցիչը։



























