Հայաստանյան մի շարք կազմակերպություններ ոստիկանությունից պահանջել են անհապաղա ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանին:

Հայտարարարության մեջ ասված է, որ 2010 թվականի մայիսի 31-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելիս բերման է ենթարկվել, ապա եւ ձերբակալվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը: Վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի 1-ին մասով: Թե ինչպես է 23-ամյա աղջիկը բռնություն գործադրել ոստիկանների նկատմամբ, անհայտ է մնում:

«Նույն օրը ոստիկանները խոչընդոտել են նաեւ «Հայկական ժամանակի» մեկ այլ լրագրողի՝ Սյուզաննա Պողոսյանի եւ «Հայք» թերթի թղթակից Լիլիթ Թադեւոսյանի մասնագիտական գործունեությունը: Նրանց նույնպես բերման են ենթարկել, ապա ժամեր անց ազատ արձակել:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք՝ 

- լրագրողների դեմ կիրառվող նման բռնի մեթոդները անընդունելի են ժողովրդավարական հասարակության համար:

Հիշեցնում ենք՝

- ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ «Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»,

- ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասը պատիժներ է նախատեսում պաշտոնատար անձանց կողմից նման արարքներ թույլ տալու համար:

Պահանջում ենք ՀՀ ոստիկանության ղեկավարությունից՝

- անհապաղ ազատ արձակել «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Անի Գեւորգյանին ,

- դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրենց լիազորությունները գերազանցած ոստիկաններին»,- նշել են հայտարարության հեղինակները:

Հայտարարության տակ ստորագրել են Խոսքի  ազատության  պաշտպանության  կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Գորիսի մամուլի ակումբը,  Թրանսփարենսի ինթերնեշնլ  հակակոռուպցիոն կենտրոնն ու Հայաստանի  հելսինկյան կոմիտեն: