Հայաստանը սառեցրել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան այսօր պատրաստ չէ վավերացնել արձանագրությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դոնի Ռոստովում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Ըստ նախագահի՝ վավերացման տապալումն արդարացնելու նպատակով Թուրքիան նորանոր նախապայմաններ է առաջ քաշում: «Ավելին՝ նա փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի եւ անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք»,- նշել է նախագահն ու հիշեցրել իր համահայկական ուղեւորության ընթացքում հենց Դոնի Ռոստովում կայացած հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: «Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան»,- նշել է Սարգսյանը:
Հայաստանի նախագահն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրին: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որեւէ մեկի հետ»,- ասել է նա:




























