Իրաքի Քուրդիստան շրջանի Սուլայմանիե քաղաքում կայացել է Քուրդիստանի հայրենասիրական միության 3-րդ համագումարի բացման պաշտոնական նիստը, որին ներկա է եղել նաեւ ՀՅԴ բյուրոյի պատվիրակությունը: Պատվիրակության մեջ եղել են Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչյանն ու ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Այլ ուղերձների շարքում, համագումարում հնչել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մկրտիչ Մկրտիչյանի ուղերձը:
Համագումարի բացման նիստին մասնակցել են ՔՀՄ-ի գլխավոր քարտուղար եւ Իրաքի նախագահ Ժալալ Թալաբանին, Իրաքի Քուրդիստան շրջանի նախագահ եւ Քուրդիստանի դեմիկրատական կուսակցության ղեկավար Մասսուդ Բարազանի, Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքի, երկրի եւ շրջանի կուսակցությունների ղեկավարներ, մի շարք երկրների դեսպաններ եւ հյուպատոսներ, համագումարի պատգամավորներ։
Ներկա են եղել նաեւ Շվեդիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Մոնա Սալինիի գլխավորությամբ, Կանանց ընկերվար միջազգայնականի նախագահ Փիա Լոկատելլին, Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչը, Թուրքիայի խաղաղություն եւ ժողովրդավարություն քրդամետ կուսակցության (BDP) ներկայացուցիչները:


























