«Ինչպե՞ս կարելի է ռուսական դպրոցներ բացել. առանց էդ էլ մենք ռուսաքծնանքով ենք զբաղված, զզվեցինք դրանից»,- հունիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռուբեն Հախվերդյանը՝ խոսելով Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու թեմայի շուրջ։ Նրա խոսքով, եթե մենք կորցնում ենք հայերենը (իսկ նրա խորին համոզմամբ մենք այն կորցնում ենք), ապա կորցնում ենք նաեւ «մեր մաշկը, մեր պաշտպանական շերտը»:
«Եթե լավ չգիտես քո լեզուն, դու ոչինչ չես կարող անել։ Մեր ժողովուրդն այսօր չի կարողանում նույնիսկ ճիշտ շարահյուսություն արտաբերել»,- նշեց Հախվերդյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի դժբախտությունը սկսվեց КВН-ներից, որոնց ժամանակ, երգչի խոսքով, հայ «կավեենշիկներից» յուրաքանչյուրը փորձում էր մյուսներից ավելի սրամիտ ռուսերենով կատակել։
Հախվերդյանի խորին համոզմամբ, մեր լեզուն է մեր հայրենիքը, ոչ թե «սարերն ու լանդշաֆտները»: «Արդեն ամեն ինչ ծախված է, մնում է լեզուն։ Եթե դա էլ կորցնենք, լեզուն էլ որ ծախենք, ռուսները լավ կհագնեն մեզ, ու ամեն ինչ դրանով էլ կվերջանա։ Առանց էդ էլ մենք նրանց գավառն ենք, առանց էդ էլ նրանց բազաներն այստեղ խրված են, առանց էդ էլ, երբ ուզեն, գազը կանջատեն ու կմիացնեն»,- նկատեց երգիչը՝ ավելացնելով, որ հայ ազգի համար իր լեզուն կորցնելը կործանանարար հետւանքներ կարող է ունենալ։
Իսկ ահա ջազմեն Արմեն Թութունջյանը կողմ է օտարալեզու դպրոցների՝ մասնավորապես ռուսական դպրոցների բացմանը։ «Եթե անգամ փոքր երեխային հարցնես՝ մեկ լեզու իմանալն է լավ, թե երկու, երեխան կպատասխանի՝ երկու»,- համոզմունք հայտնեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ անգլերենը հայ ժողովրդին երբեք այնքան հարազատ չի դառնա, որքան ռուսերենը։



























