«Ռուս-թուրքական վերջին շրջանի մերձեցման ընթացքում յուրայինները դարձան օտար, օտարները դարձան յուրային, միաժամանակ ընդգծվեց Հայաստանի լիակատար մեկուսացումը ԼՂ հարցում։ Հայաստանի  տեսակետը մինչ այժմ երբեք այսքան միայնակ ու անտեսված չէր, որքան այսօր է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի դիրքերը շեշտակի թուլացել են հատկապես ԼՂ խնդրի մասով, ինչի դրսեւորումներից են նաեւ ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ակտիվացման մասին խոսակցությունները։  «ԵԽԽՎ-ում մեր այսօրվա պատվիրակությունը, ունենալով լուրջ հիմքեր կանխելու ԵԽ-ի շրջանակներում  ԼՂ հարցի կարգավորումը  քննարկելը, չգիտես ինչու, չի օգտվում այդ հնարավորությունից։ Իսկ այդ հնարավորությունները բխում են այն պարտավորություններից, որոնք իրենց վրա են վերցրել Ադրբեջանն ու Հայաստանը՝ դառնալով ԵԽ անդամ։ Այդ պարտավորությունների ցանկում չկա այնպիսի կետ, որը ենթադրում է ԼՂ խնդրի այս կամ այն ասպեկտի քննարկումը ԵԽԽՎ-ի ձեւաչափում։  Քանի որ նկատի է առնվում այն, որ ԼՂ հիմնահարցի քննարկումը վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս ընդգծեց նաեւ, որ ինքը, որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական պատվիրակության կազմի անդամ, ով այն ժամանակ ներկայացնում էր իշխող «Արդարություն» դաշինքը,  մարդ, ով նախապատրաստել է ՀՀ-ի անդամակցումը ԵԽ-ին, պահանջում է, որպեսզի Հայաստանը հիմնվի այդ պարտավորություններ վրա։ «Այդ պարտավորությունների ցանկում կա մի շատ կարեւոր կետ, որ Հայաստանը պարտավորվում է իր ազդեցությունը օգտագործել ԼՂՀ-ի վրա, հորդորելով, որպեսզի ԼՂ ժողովուրդն ամեն ինչ անի՝ խաղաղության ամրապնդման համար։ Այսինքն, այս կետով  անուղղակիորեն  ճանաչվել է ԼՂ ինքնուրույնությունը, իսկ Հայաստանը պարտավորվել է իր ազդեցությունն օգտագործել՝ միմիայն խաղաղության ամրապնդման հասնելու համար»:  Այնպես որ, ըստ Քաղաքագետների միության նախագահի, անհասկանալի են ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի ճիգերը՝ ամեն ինչ անել, որպեսզի ԼՂ հարցի քննարկումը մտնի նաեւ ԵԽԽՎ։